Փետրվարի 21-ին Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում ի հայտ եկավ նոր կուսակցություն՝ «Հայկական վերածնունդ միավորում», թեպետ նոր ասելը համարժեք չէ իրականությանը՝ իրականում անունն է փոխում «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ իրեն հավելելով 12 կուսակցություններ ու 140 հասարակական կազմակերպություններ: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ պնդում է՝ «Ամեն մի կուսակցությունում նվազագույնը երկու-երեք հազար մարդ կա»:
Ընտրություններից առաջ սա միանգամայն օրինաչափ գործընթաց է, թեպետ Սերժ Սարգսյանը հորդորում էր՝ չշտապել, բայց ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում իր շարժման արագությունը: Համենայն դեպս՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով:
Նորություններն այսքանով ավարտվեցին, եթե նորություն չհամարենք, որ Արթուր Բաղդասարյանը կորցրել էր համագումարում ունենալիք ելույթը և ստիպված էր բանավոր խոսել: Փաստորեն՝ կան չվերականգնվող փաստաթղթեր և չհաղթահարվող տարածություններ, ասենք՝ համալիրից մինչև ՕԵԿ գրասենյակ: Հնություն էր, որ համագումարում նորաստեղծ կուսակցության միայն մեկ նախագահի թեկնածու առաջադրվեց, անկասկած է, որ ընտրվելու էր ի վերջո և օրինաչափորեն Արթուր Բաղդասարյանը, բայց հարկ կա՞ր ի սկզբանե այդքան կուսակցություն ու հ/կ համատեղելով՝ ներկուսակցական ժողովրդավարության նորմերը ոտքի տակ տալ: Կարո՞ղ էին, չէ՞, այլ թեկնածուներ առաջադրվել, ծրագրեր ներկայացնել, թեկուզ հետո ինքնաբացարկ հայտարարել, ոչ, համագումարը «ձևականությանը» տուրք չտվեց:
Անհույս հնություն էին ելույթները՝ ՕԵԿ-ականների ու ՕԵԿ նախագահի: Վերջապես՝ ե՞րբ է այդ կուսակցությունը ձերբազատվելու արդարացողի բարդույթից և փրկչի կերպարից: Հասարակությանը այլևս փրկիչները չեն հետաքրքրում, հետաքրքրում են նոր գաղափարները: Կայի՞ն: Եթե այո, շատ խոր թաքցրած: Արթուր Բաղդասարյանը պնդում է՝ ՕԵԿ-ը հեղինակազրկված չէ, նոր կուսակցության հիմնադրումն այլ նպատակ ունի. «Մենք պետք է մեր մեջ սպանենք այն ստրկացած հատվածին, որ կա, որը կորցրել է իր հույսը, ոչ մի բանի չի հավատում: Մենք պետք է կարողանանք գտնել մեր ներսում մեր հավատի ուժը, մեր պայքարի ներուժը, մեր ոգին ու վճռականությունը՝ իսկապես պոռթկում կատարելու համար»: 25 տարի ստրուկ ենք սպանում, ու այսօր խնդիրը՝ ինչը չէ, այլ՝ ինչպեսը: Իսկ ինչպես-ի ոչ մի տարբերակ շրջանառության մեջ չի դրվում: Համենայն դեպս՝ աշխարհում չեղած-չլսված «միավորումը» սոսկ պոպուլիզմ է, որի օգուտներն են շատ, թե վնասները, դժվար է ասել՝ քաղաքական իմաստով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Համագումարին շուք ու իմաստ պիտի հաղորդեր մեկ օր առաջ «Կոմսոմոլսկայա պրավդայի» հարցազրույցը Արթուր Բաղդասարյանի հետ: Ստացվեց հակառակը: Առաջին հայացքից զարմանալիորեն՝ նա հայտարարում է, որ եթե Ռուսաստանին անհրաժեշտ լինի, Հայաստանը կկռվի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ: Եթե տարիներ առաջ՝ լինելով ԱԺ նախագահ, Արթուր Բաղդասարյանը Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում ասում էր, որ Հայաստանը պետք է ՆԱՏՕ-ին անդամակցի, իրավասություն ուներ նման հայտարարություն անելու՝ պետության երկրորդ դեմքը լինելով: Թե ինչպես ավարտվեց այդ պատմությունը, բոլորին հայտնի է՝ ԱԺ նախագահը հրաժարական տվեց: Ինչո՞վ է բացատրվում օտարերկրյա մամուլին սենսացիոն հայտարարություններ անելու Արթուր Բաղդասարյանի հակումը, առավել ևս հիմա, երբ նա միայն կուսակցության նախագահ է և լիազորված չէ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հայտարարություններ անելու: Ի հետևանս՝ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը պարզաբանեց, որ Արթուր Բաղդասարյանը լիազորված չէ Հայաստանի անունից քաղաքական հայտարարություններ անելու: Դա նշանակում էր, որ եթե Արթուր Բաղդասարյանը ցանկանում է պատերազմել Ռուսաստանի շահերի համար, մենակ է կռիվ գնալու: Արթուր Բաղդասարյանը բնավ անփորձ և անզգույշ, մեղմ ասած՝ սխալ քայլ չի արել: Ռուս-թուրքական նոյեմբերից սկսված հակամարտության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը մեկն է՝ ակնկալվում է հարաբերությունների նորմալացում, Հայաստանը չի պատրաստվում հակամարտությանը խառնվել, պարզ ասած՝ կրակն իր վրա վերցնել, իսկ Ռուսաստանում դա ընկալվում է դաշնակցի դավաճանություն, որին Դումայում ու հեռուստաեթերում նույնիսկ Արարատն են խոստանում, որ տեղից շարժվի, իսկ դաշնակիցը խոհեմաբար լռում է՝ հղում անելով Ազգային անվտանգությանը: Ահա այստեղ ու այս պահին է կարևոր, որ Հայաստանում գտնվի մեկը, որ Մոսկվային ասի՝ պատերա՞զմ է, ես եմ քո զինվորը: Արա Աբրահամյանի առայժմ չորոշարկվող գործունեության համապատկերում սա Արթուր Բաղդասարյանի համար շատ կարևոր է: Հատկապես քայլը կարևոր է, որովհետև, ի վերջո, երբ շուրջբոլորը անվերջ հավատարմության երդումներ են տալիս Կրեմլին, առանձնանալու համար պետք է անել այն, ինչից մյուսները վախենում կամ խուսափում են: Հաշվարկը այն հիմքի վրա է, որ նոր խորհրդարանը պիտի Կրեմլի «դաբրոն» ունենա, իսկ այնտեղ գրամ-գրամ են քաղաքական կշիռը հաշվարկում: Հայաստանի ազգային անվտանգությունը ո՞ւր մնաց: Մի մոռացեք՝ Արթուր Բաղդասարյանն այլևս Անվտանգության խորհրդի քարտուղարը չէ: